Բացառիկ զրույց Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ

  • 21/01/2021
  • Իլոնա Ազարյան

iravunk.com

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ հունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ՝ ազատվելով ՀՀ Զինված Ուժերի հոգևոր առաջնորդի պաշտոնից։

Արցախի թեմի առաջնորդի հետ առաջին բացառիկ զրույցի հնարավորությունը ընձեռնվել է «Իրավունքին»:

Սրբազանը մեզ հետ զրույցում անդրադարձավ նախ իր` Արցախի թեմի առաջնորդի պաշտոնում նշանակվելուն.

-Վեհափառ Հայրապետի կողմից ցանկացած նշանակում մենք ընդունում ենք, որպես հայրական տնօրինություն: Մենք մեր եկեղեցու ծոցում ենք եւ մեր ծառայությունը ցանկացած պաշտոնում իրականացնում ենք սիրով եւ նպատակային ծրագրերով:

– Սրբազան, որո՞նք են այն առաջնահերությունները, որոնք պատրաստվում եք իրականացնել Արցախում, որպես Արցախի թեմի առաջնորդ:

– Կարծում եմ, որ առաջին հերթին պետք է լինեն մխիթարական եւ հուսադրող զրույցներ ժողովրդի հետ: Եկեղեցին միշտ հաղթական է, որովհետեւ հավատացել է Քրիստոսի հարությանը: Հարության գաղափարը այսօր պետք է լինի մեր սրտում: Եթե մենք Տիրոջ ձեռքը բռնենք, ապա, հավատացեք, հզորացած կգնանք առաջ:

– Սրբազան, որպես Աստծո սպասավոր՝ Դուք Աստված-մարդ հարաբերության միջնորդ օղակն եք հանդիսանում: Դժվար չէ արդյո՞ք, այսպես ասած, կամուրջ հանդիսանալ:

– Կարեւորը այն է, թե ինչպես ես կարողանում Աստծո ներկայությունըհասցնել քո խնամքի տակ գնտվող մարդու հոգուն, որպեսզի դրանով ինքը կարողանա լուսավորվի: Կարծում եմ` ամենակարեւորը դրան հասնելն է:

– Որպես Արցախի թեմի առաջնորդ Ձեր հայրական պատգամը արցախցիներին եւ համայն հայությանը:

– Ինքս լինելով արցախցի միշտ աղոթել եմ, որ իմ ժողովրդին տեսնեմ լիարժեք: Լիարժեք այն իմաստով, որ որեւէ մեկը չխանգարի իր ինքնությանը, իր շենացմանը, իր հողը մշակելուն: Միշտ ձգտել եմ Արցախը տեսնել այդպիսին: Այս առումով ես ցանկանում եմ, որպեսզի Արցախը տեսնեմ խաղաղ, այնպիսին ինչպիսին ցանկանում է Արցախը տեսնել ամեն մի հայ: Արցախը անպարտ է, Արցախը հզոր է: Եվ եթե մենք բոլորս մտածենք այս ուղղությամբ իրապես Աստված կօրհնի: Վստահ եմ, որ Աստծո օրհությամբ այսօրվա վիրավորված Արցախը կտեսնենք նորից լուսավորված եւ վերափոխված: Այս առումով մենք պետք է նորից լծվենք քրտնաջան աշխատանքի եւ Աստված կօրհնի ե՛ւ մեր աշխատանքը ե՛ւ մեր ծառայությունը: