Մայիսի 30-ին, հրավերով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում տեղի ունեցավ հանդիպում Գերագույն հոգևոր խորհրդի անդամների, հայաստանյան թեմերի առաջնորդների և Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների հետ:
Հանդիպումն սկսվեց միասնական Տերունական աղոթքով։ Ողջունելով և շնորհակալություն հայտնելով ՀՀ նախագահին հանդիպման առիթով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նրան ներկայացրեց Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին և ԳՀԽ գործունեությունն ու եկեղեցական կյանքը կանոնակարգելու գործընթացում կարևոր առաքելությունը։
Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ ՀՀ նախագահի անձը քաջածանոթ է ամենքին՝ Հայրենիքին տարբեր հանգամանքերում իր նվիրյալ ծառայությամբ, նաև որպես Հայոց Եկեղեցու հավատավոր զավակ և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մեծ բարերար: