Սահակ եպիսկոպոս Մաշալյանը ընտրվել է Կ. Պոլսի հայոց պատրիարք: 12 տարվա դադարից հետո պատրիարքարանի թափուր գահը վերջապես համալրվեց: Սա չափազանց կարևոր փաստ է, քանի որ վերաբերվում է հայ ժողովրդի համազգային խնդիներին, իսկ պատրիարքարանը աշխարհասփյուռ հայության ազգային կարևորագույն ինստիտուտներից մեկն է: Նշենք, որ Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը ստեղծվել է 1461 թվականին` Մեհմեթ 2-րդ սուլթանի կողմից հայերին սիրաշահելու, համակարգելու և նրանց կապիտալի միջոցով մրցունակ տնտեսություն ստեղծելու նպատակներով: Պատրիարքությունը վիթխարի դեր է խաղացել հայության կյանքում և նրա գլխին տարբեր ժամանակներում կանգնած են եղել այնպիսի նվիրյալներ, ինչպիսիք են՝ Մկրտիչ Խրիմյանը, Ներսես Վարժապետյանը, Մաղաքիա Օրմանյանը, Զավեն Եղիայանը և այլոք: Վերջին պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի անբուժելի հիվանդության և նրա՝ այլևս անգործունյա լինելու հանգամանքի հետ կապված թուրքական իշխանությունները թույլ չէին տալիս նոր պատրիարքի ընտրություններ կազմակերպել: Իշխանությունների կտրուկ միջամտության հետևանքով պատրիարքության հոգևոր խորհուրդը տեղապահ էր ընտրել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին: Վերջինս թուրքական իշխանությունների համար չափազանց ձեռնտու թեկնածու էր և անկասկած նրա քայքայիչ գործունեությունը ապակայունացնում էր հայ համայնքի առանց այդ էլ լարված իրավիճակը: