Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը վրդովված է, թե ինչպես կարող են իր 19 տարվա անբասիր ծառայությունը հավասարեցնել զրոյի՝ հայտարարելով, թե ինքը արգելել է չմկրտված զինծառայող Գրիգոր Եղոյանին եկեղեցական կարգով հուղարկավորել, երբ ինքն ընդամենը առաջարկել է հուղարկավորել քաղաքացիական ծեսով և բացատրել, թե ինչու է անթույլատրելի եկեղեցական կարգով հուղարկավորելը:
Tert.am-ի հետ զրույցում սրբազանը նշեց, թե իր հետ ոչ ոք չի եկել և չի խոսել, բացառությամբ մեկ անձից, ով զուտ հարց է տվել, թե կարո՞ղ է եկեղեցում դրվել զինվորի դին, եթե մկրտված չէ: «Հարց է տվել, բացատրել եմ, ասել է շնորհակալություն ու գնացել է, հետո իմացել եմ, որ խմորվել է հարցը, ինչ-որ բաներ են անում, ես տեղյակ եմ եղել միայն այն ժամանակ, երբ որ եկեղեցի էին մտնում: Զանգեցի գյուղապետին ասացի ի՞նչ է կատարվում, ասեց «բա չեմ կարող ժողովրդին կանգնեցնել», ասացի «դե լավ, ինչ ուզում եք արեք»: