Պատահաբար՝ համացանցում հանդիպեց այս վերնագրով այս լուսանկարը: Որոնումն այնքան էլ պատահաբար չէր՝ առիթը Մայր Աթոռի տարածած տեղեկատվությունն էր առ այն, որ Կաթողիկոսը կայցելի Հնդկաստան և Թաիլանդ։
Անշուշտ, Սահմանադրությունն ընձեռում է ազատ շարժվելու իրավունք, այդ թվում՝ դեպի էկզոտիկ երկրներ:
Իսկ Թաիլանդում (մինչեւ 1939 թվականը կոչվել է Սիամ) հայերի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 17-րդ դարին։ Վերջին տվյալներով՝ Թաիլանդում բնակվում է հազար հայ, ովքեր հաստատված են հիմնականում մայրաքաղաք Բանգկոկում։ Նրանք զբաղվում են շինարարությամբ, ոսկերչությամբ, տեքստիլ արդյունաբերությամբ։ Թաիլանդում հայկական կազմակերպություններ և եկեղեցիներ չեն գործում։ Կրոնական արարողությունները կազմակերպվում են Բանգկոկի ավետարանական եկեղեցիներում՝ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդի մասնակցությամբ։ Հայերը համախմբված են Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության շուրջ (ՀՀ պատվավոր հյուպատոս՝ Նորայր Տեր-Գևորգյան)։
1000 հայ, եկեղեցիներ չեն գործում՝ այդ դեպքում՝ որն է Կաթողիկոսի Թաիլանդ այցելության նպատակը: 1000 հայը, անշուշտ մեծ թիվ է, մեկ հայն էլ է կարևոր և արժեքավոր ազգի համար, բայց, տպավորություն է ստեղծվում, թե տարածաշրջանում՝ ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում անելու բան չկա: Գուցե, արժեր, որպեսզի Կաթողիկոսը մի քանի օր անցկացներ Տավուշի սահմանամերձ գյուղերո՞ւմ, Սոթքում, Տեղ գյուղում, Կապանում, Սիսիանում, Գորիսում, աթոռանիստ մի վայր ստեղծեր Մեղրիում, ինչպես Իրանը հյուպատոսություն բացեց Կապանում: Իսկ Կաթողիկոսը փորձե՞լ է, արդյոք, արցախահայերի համար այս դաժան փորձությունների ժամանակահատվածում այցելել Արցախ: Կասեն՝ չեն թողնի: Փորձեիք, թող չթողնեին: