Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում Կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնող խմբի անդամների հետ հանդիպումից հետո ներկայացրեց մանրամասներ և նշեց, որ Կաթողիկոսը չի պատրաստվում հրաժարական տալ:
«Մենք ինքներս ունենք մտահոգություններ, որոնց մասին ևս բարձրաձայնեցինք: Նրանք մտահոգություններից բացի ներկայացրեցին մի շարք մեղադրանքներ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասին, որոնց վերաբերյալ ես որևէ փաստական նյութ չտեսա: Ես ինքս կարող եմ ստորագրել մի փաստաթղթի տակ, որ եկեղեցում ունենք մի շարք խնդիրներ, որոնք պետք է հրատապ լուծել, բայց նաև կարող եմ արձանագրել, որ այդ խնդիրների լուծման ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվել են քայլեր»,-ասաց նա և տարօրինակ համարեց, որ առկա խնդիրների լուծելու համար միակ և երաշխավորված ճանապարհը իրենք տեսնում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի մեջ: