Հայկական եկեղեցիների «աղվանացումն» օկուպացված տարածքներում՝ մշակութային ցեղասպանություն. Ստեփանակերտ

  • 06/05/2023

news.am

Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվում է հայկական ամեն ինչի համատարած ոչնչացման քաղաքականություն։ Այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի օկուպացրած Հադրութի անօրինական վերաբնակեցման եւ Հադրութի հայկական եկեղեցու «աղվանացման» մասին տեղեկությունները։

«Իհարկե, պարզապես ոչնչացնել միշտ չէ, որ ստացվում է։ Այնտեղ, որտեղ հայկական ժառանգություն կա, հուշարձանները, որոնք գտնվում են հանրության եւ միջազգային հանրույթի աչքից հեռու, այո, վերացվում են երկրի երեսից։ Չնայած կան օրինակներ, երբ հայկական ժառանգությունը ոչնչացվել է համաշխարհային հանրության աչքի առաջ, ինչպես տեղի ունեցավ Նախիջեւանի խաչքարերի պարագայում։ Իսկ այնտեղ, որտեղ անհնար է դա անել, նախաձեռնվում են հուշարձանների պատմությունը փոխելու, դրանց օտար ծագում վերագրելու փորձեր։ Ինչ վերաբերում է վանքերին։ Այն, ինչ տեղի է ունենում Հադրութի եկեղեցու հետ՝ նրա այսպես կոչված «աղվանացումը», դա ոչ այլ ինչ է, եթե ոչ մշակութային ցեղասպանություն։ Ի դեպ, խոսելով այսպես կոչված «աղվանա-ուդիական եկեղեցու» մասին՝ անհրաժեշտ է հստակ բաժանել ուդի ժողովրդի՝ հասարակ աշխատավորների ներկայացուցիչներին ծաղրածուների խմբից, որոնք ներկայանում են որպես «աղվանական եկեղեցու» ինչ-որ հոգեւորականներ։ Նրանք գնում են հայկական եկեղեցիներ օկուպացված տարածքներում՝ դրանք ներկայացնելով որպես «աղվանական»։ Այդ նույն խմբի ներկայացուցիչները 10-15 տարի առաջ Թուրքիայում այցելել էին հայկական վանքը Վանա լճի Աղթամար կղզում եւ այն «աղվանական» ներկայացրել։ Նրանք այնտեղ էին մտել Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշներով։ Կարծում եմ՝ դրանք Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն էին եւ, գուցե, նաեւ Բաքվի դրամատիկական թատրոնի»,- նշել է Դավիթ Բաբայանը։

Ամբողջական տեքստ