Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը ներկայացնող քահանա Սամուել Աղոյանը Սուրբ կրակի իջնելու առեղծվածի մասին արած հայտարարության պատճառով վիճել է ղպտիական եկեղեցու ներկայացուցիչների հետ:
Ինչպես նշում է ria.ru-ն, հայ հոգևորականը Սուրբ Հարության տաճարի մասին հեռուստառեպորտաժի ժամանակ բացահայտել է Սուրբ կրակի իջնելու առեղծվածը: Այս հայտարարությանը հաջորդել է ղպտիների հետ լեզվակռիվը:
Աղոյանն իսրայելցի լրագրողի հետ զրույցի ընթացքում պատմել է՝ ինչպես է տեղի ունենում Բարեբեր կրակի վառման պահը: Նրա պնդմամբ՝ նա երեք անգամ ականատես է եղել նրան, որ պատրիարքները լամպից են վառում մոմերը: Այսպիսով՝ Աղոյանը նշել է, որ Սուրբ կրակ ասվածում որևէ առեղծվածային բան չկա:
«Աստված հրաշքներ է գործում, բայց ոչ մարդկանց քմահաճույքով»,- հայտարարել է Աղոյանը:
Այս հայտարարությունը բարկացրել է ղպտիական եկեղեցու ներկայացուցիչներին, որոնք այդ պահին Աղոյանի կողքին են կանգնած եղել: Նրանք պահանջել են անհապաղ դադարեցնել նկարահանումը: