Մայիսի 24-ին` Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների սեմին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանայից հերթական հավաքը:
Ժողովին ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Մայր Աթոռի 36 միաբաններ և 182 քահանաներ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ եկեղեցականաց դասը նախ Մայր Տաճարում մասնակցեց ժամերգությանը, ապա Մայր Տաճարի շրջափակում՝ Երանաշնորհ Գևորգ Ե Սուրենյանց Կաթողիկոսի շիրիմի առջև, կատարվեց հոգեհանգստյան կարգ:
Արարողության ավարտին Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը, աղոթք վերառաքելով առ Բարին Աստված, մաղթեց, որ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանին ընդառաջ` նվիրական այս օրերին, հոգևորականաց դասը ոգեշնչվի լուսավոր Հայրապետի, նորօրյա Ավարայրի Ղևոնդ Երեցի պայծառ կերպարով` իր հոգևոր առաքելության ընթացքում արձանագրելով նորանոր հաղթական իրագործումներ: