Հայաստանյան հանրային-քաղաքական քննարկումների դաշտում բավական հետաքրքիր դինամիկա է նկատվում․ որքան շատ է խորանում ներքաղաքական լարվածությունը, եւ որքան ավելի շատ են խտանում քաղաքական ճգնաժամի գույները, կարծես այնքան ավելի շատ է առաքելական եկեղեցին ներգրավվում ընդհանուր հանրային-քաղաքական դիսկուրսում։ Մենք արդեն գրել ենք, որ Հայաստանի կրոնական կյանքի համար ու հատկապես առաքելական եկեղեցի-Հայաստանի Հանրապետության իշխանություններ հարաբերություններում կարեւորը ճիշտ բալանս գտնելն է, որպեսզի գալիք սերունդներին հնարավոր լինի ե՛ւ կենսունակ պետություն փոխանցել, ե՛ւ կենսունակ եկեղեցի։
Ընդ որում, հանրային քաղաքական դիսկուրսում առաքելական եկեղեցին ներկա է մի քանի ուղղությամբ․
• Առաքելական եկեղեցին ինքն է մասնակցում հանրային-քաղաքական դիսկուրսին՝ եկեղեցական գործիչների՝ տարատեսակ քաղաքական հարցերի շուրջ մեկնաբանությունների, տեսակետ-կարծիքի արտահայտման մակարդակով։
• Իշխանություններն են գնահատականներ հնչեցնում ներքաղաքական ներկա իրավիճակում առաքելական եկեղեցու ներգրավվածության կամ ենթադրելի կեցվածքի առնչությամբ։
• Ընդդիմադիրներն են գնահատականներ հնչեցնում՝ ներքաղաքական ներկա իրավիճակում առաքելական եկեղեցու ներգրավվածության կամ ցանկալի կեցվածքի առնչությամբ։
Առաջին կետը հասկանալի է` ինչ-որ իրադարձության կամ դեպքի ժամանակ է լինում, հիմնականում՝ քաղաքական բնույթի, եւ մամուլը փորձում է մեկնաբանություններ ստանալ հասարակության տարբեր խավերից ու այս համատեքստում դիմում է եկեղեցականներին, որոնք էլ արտահայտում են իրենց մոտեցումները, թեկուզեւ՝ անձնական: Սակայն, ինչպես ասում են, «մեսիջներով» նաեւ արտահայտում են կրոնական էլիտայի ներսում եղած տրամադրությունները։