Այս բոլոր տարիների ընթացքում իրենց խոսելու ոճը, ձեւ, կերպը, արտահայտությունները բոլոր իմաստներով հայհոյանքից, սպառնալիքներից, հոխորտանքներից բացի ուրիշ բովանդակություն չեն ունեցել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ արձագանքելով Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ հոգեւորականների վերաբերյալ հնչեցրած սպառնալիքին։
«Առաջինը՝ ժամանակի կորուստ եւ շունչ վատնել եմ համարում ամեն դատարկաբանություն մեկնաբանելը: Եթե դատարկախոսության մրցույթ հայտարարվի, կարծում եմ, այդ անձը եւ անձինք բոլոր մրցակցությունները կհաղթեն: Հետեւաբար, անկեղծորեն ասած, իսկապես ժամանակի կորուստ եմ համարում դատարկաբանություններ մեկնաբանելը:
Երկրորդ՝ իրենց հոխորտանքի կամ սպառնալիքի թիրախը թող լինի իրենց պատճառով մեզ՝ մեր ժողովրդին ծաղրող Ալիեւը կամ Ադրբեջանի ԱԺ խորհրդի նախագահը, որի ներկայությամբ վերջերս սեթեւեթում էր: Հետեւաբար շատ լավ կլինի, որ ինքը եւ իրենք կարողանան այդ ծաղրանքներին եւ հոխորտանքներին պատասխանել»,- ասաց Տավուշի թեմի առաջնորդը։
Բագրատ Սրբազանի խոսքով՝ իշխանական որոշ ներկայացուցիչներ այդպես էլ փողոցից դուրս չեկան. «Դեռեւս շատ մեղմ եւ նուրբ խորհուրդ բոլոր նրանց, ովքեր նույն կերպով եւ նույն ոճով կխոսեն, եւ հատկապես, այսպես կոչված, պաշտոն զբաղեցնողները: Այս բոլոր տարիների ընթացքում իրենց խոսելու ոճը, ձեւ, կերպը, արտահայտությունները բոլոր իմաստներով հայհոյանքից, սպառնալիքներից, հոխորտանքներից բացի ուրիշ բովանդակություն չեն ունեցել: Եւ թե ով է քիթը որտեղից հանել, թող ինքը եւ իրենք հիշեն բունկերների մասին։ Եւ նաեւ լղոզված կերպով «որոշ հոգեւորականներ» ասելը կամ խավ համարելը… բավական չէր, որ ժողովրդին սեւ ու սպիտակի բաժանեցին, տրոհեցին քայքայեցին, նվաստացրեցին… Հիմա էլ շերտերի ու խավերի են բաժանում… Շատ հետաքրքիր է իմանալ՝ իրենք ո՞ր խավի մեջ են, ի՞նչ խավ են ներկայացնում։ Իրենց հայհոյախոս բերանները երբեք օգտակարություն չեն բերել»։
Այն դիտարկումներին, որ եկեղեցին վերջին տարիներին պարբերաբար է նման սպառնալիքներ լսում իր հասցեին, Տավուշի թեմի առաջնորդն արձագանքեց, որ շատ ցավալի է նման պատկեր ունենալը. «Մենք՝ յուրաքանչյուր հոգեւորական, մեր անցած ճանապարհը շատ լավ գիտենք՝ մեր բոլոր վերելքներով եւ վայրէջքներով։ Խնդիրն այն է, որ ինքը եւ իրենք պետք է իրենց հարց տան, թե ո՞րն է իրենց անցած ճանապարհը, որտեղով են անցել, ում հետ են անցել, որտեղ են սպառել կամ սպառվել իրենց ժամանակով։ Թող ինքնաքննություն անեն, հետո նոր կարելի է այդ թեմայով զրուցել»։
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Ազգային ժողովում սպառնացել էր ընդդիմության ակցիաներին մասնակցողներին եւ հոգեւորականներին։ Նա մասնավորապես ասել էր. «Ժամանակին թե՛ այդ ընկերությունները, թե՛ շոու բիզնեսի աստղերը վախենում էին ծպտուն հանել։ Մարտի 1-ից սկսած որոշ եկեղեցականներ վախենում էին քիթը սեւ «քողերի» տակից հանել: Այո, մենք ենք «մեղավոր»: Ոչինչ, վստահ եմ, որ հետեւություններ կարվեն։ Վստահ եմ, որ այդ բոլոր խմբերը մոտիկից կծանոթանան իմ նշած հետեւություններին»։