Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովի նիստին:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն կարեւորել է նմանօրինակ հանդիպումները՝ խոսելու ինչպես եկեղեցական խնդիրների, այնպես եւ հայրենիքի առջեւ ծառացած մարտահրավերների եւ մեր ժողովրդին հուզող հարցերի վերաբերյալ:
«Իհարկե նման հանդիպումների կարիքը եւ անհրաժեշտությունը կա, գուցե ավելի հաճախ, քան տեղի է ունենում: Ընդհանուր առմամբ, իհարկե, ինչպես Վեհափառը նշեց, պետություն-եկեղեցի հարաբերությունների հետ կապված քննարկումները շատ կարեւոր են, առավել եւս նոր իրավիճակում եւ նոր պայմաններում, որ այսօր ունենք Հայաստանի Հանրապետությունում: Այդ պայմաններն ու հարաբերություններն ունեն բազմաթիվ նրբություններ եւ ես հույս ունեմ, որ այսօր այդ նրբությունների կարեւոր դետալներին մենք հնարավորություն կունենանք անդրադառնալ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: