Չնայած լրագրողների բոլոր հորդորներին ու հարցադրումներին՝ Ծառուկյանը չասաց, թե որքան գումար է նախատեսում ծախսել հուշարձանային համալիրի վրա։
2528 մ բարձրությամբ Հատիս լեռան վրա մեկնարկեցին Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքները:
«Ցանկացանք այնպիսի տեղ կառուցել, որ Հայաստանի ո՛ր անկյունից էլ նայես, երևա, ինչպես Բրազիլիայում է։ Ամենակարևորը, որ մենք կարողանանք մեր ժողովրդին համախմբել»,- ասաց գործարար Գագիկ Ծառուկյանը, որը նախաձեռնության հեղինակն է։
Մոտ մեկ շաբաթում Հատիս լեռ տանող 8-9 կիլոմետրանոց ճանապարհ է փորվել, հենց այդ ճանապարհով էլ անցան բոլոր հյուրերը, հայկական ու արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Տեղում նաև ճոպանուղի է կառուցվելու։
«Այն տեմպով, որով այդ հսկա ճանապարհն է բացվել, կընթանան նաև մնացած աշխատանքները»,- հավաստիացրեց Ծառուկյանը՝ ավելացնելով, որ աշխատանքների ավարտը կազդարարվի երեք տարի հետո: