Սեպտեմբերի 1-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում, նախագահությամբ դպրոցի հիմնադիր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ 2019-2020 թթ․ ուսումնական տարվա բացման հանդիսավոր արարողությունը։
Տերունական աղոթքից, ՀՀ պետական և դպրոցի օրհներգերից հետո ներկաներին ողջունեց դպրոցի տնօրեն տիկ․ Սուսաննա Վարդանյանը՝ բարի երթ մաղթելով առաջին դասարանցիներին և նոր նվաճումներ ու ձեռքբերումներ ուսումնական գործընթացում։
Հյուրերի անունից ներկաներին ողջունեց դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ տիար Մխիթար Հայրապետյանը՝ աշակերտներին կոչ անելով ամեն ժամ բազմապատկել իրենց գիտելիքները և միշտ պատրաստակամ լինել իրենց իմացությունը հարստացնելու։