Հայ և հույն ուղղափառ եկեղեցիների համատեղ հսկողության ներքո գտնվող Գեթսեմանիի Սուրբ Աստվածածին տաճարը հարձակման է ենթարկվել։ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով տաճարի վրա կատարված հարձակումը։
«Թեև Սուրբ Աստվածածին տաճարի վրա այս հարձակումն առաջինն էր այս տարվա սկզբից ի վեր, սակայն քրիստոնեական մյուս սրբավայրերն անզգամ հարձակվողների կողմից մշտապես ենթարկվում են ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական ճնշումների։ Եթե քրիստոնեական սրբավայրերի վրա կատարված նախորդ հարձակումներն արագորեն դատապարտվեին տեղական իշխանությունների կողմից, և հանցագործները պատժվեին օրենքի ողջ խստությամբ, քրիստոնեական համայնքների, եկեղեցիների և վանքերի վրա նոր հարձակումներ չէին լինի։ Կրոնական անհանդուրժողականությունը և ատելությամբ լցված ոճրագործությունները իրենց բոլոր դրսևորումներով երբեք չեն ապահովելու խաղաղ համակեցության պայմաններ։