Հունիսի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ նորաստեղծ «Գավիթ» հարթակի անդրանիկ քննարկումը։
Քննարկմանը մասնակցում էին եկեղեցականներ, ազգային, հասարակական, քաղաքական գործիչներ և տարբեր ոլորտների պատկառելի այլ ներկայացուցիչներ։
Տերունական աղոթքից հետո ներկաներին ողջունեց հարթակի համակարգող Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Սրբազան Հայրը, ներկայացնելով հարթակի ձևավորման նախընթաց պատմությունը, նպատակը և ձևաչափը, մասնավորաբար տեղեկացրեց, որ Նորին Սրբության նախաձեռնությամբ տևական ժամանակ քննարկումներ են ծավալվել հարթակի ձևավորման սկզբունքների, նպատակների ու քննարկումների կազմակերպման վերաբերյալ, որի արդյունքում հաստատվել է հարթակի աշխատանքների կազմակերպման հանձնախումբ և տրվել քննարկումների մեկնարկը։
Այնուհետև համակարգող Սրբազանը հրավիրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին այս առիթով իր պատգամը փոխանցելու մասնակիցներին։ «Հրապարակը» զրուցել է հանդիպման մասնակիցներից իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ: