Մայր Աթոռում երեկ՝ հունիսի 2-ին, տեղի ունեցավ Վեհափառի նախաձեռնած «Գավիթ» հարթակի առաջին քննարկումը։ Քննարկմանը մասնակցում էին հոգևորականներ, հասարակական, քաղաքական գործիչներ, այլ ոլորտների ներկայացուցիչներ։
«Հրապարակի» հետ զրույցում հարթակի համակարգող Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասաց, որ հարթակի քննարկմանը հրավիրված անձանց ցուցակը Մայր Աթոռն է կազմել։ Ցուցակում փորձել են ներառել այնպիսի անձանց, որոնք ծայրահեղ իշխանություն չեն և ոչ էլ տիտղոսակիր ընդդիմություն, որպեսզի հնարավորինս խուսափեն հարթակի քաղաքականացումից։
Մեր հարցին, արդյոք Սփյուռքից նախատեսվում է մասնակցություն, Սրբազանը շեշտեց, որ իրենք գերադասում են դեմ առ դեմ հանդիպում-քննարկումները և այնքան էլ կողմ չեն տեսակապով քննարկումներին։ Բացի այդ, քննարկումներին մասնակցությունը հնարավոր է միայն Մայր Աթոռի կողմից հրավերով, այն բաց ձևաչափով չի անցկացվում։
Նա շեշտեց, որ հարթակի նպատակն է քննարկումների միջոցով ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր ու լուծումներ գտնել, հանրության շրջանում միասնություն ձևավորել։