Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսաց հավաք, որի ընթացքին քննարկվեցին Ադրբեջանի ցեղասպան գործողությունների հետևանքով Արցախի հայաթափման և Հայաստանի առջև ծառացած գոյաբանական մարտահրավերների հետ առնչված հիմնախնդիրները:
Այդ մասին հայտնում են Մայր Աթոռից։
Քննարկումների արդյունքում ընդունվեց հետևյալ հայտարարությունը.
«Արցախում Ադրբեջանի չդադարող ցեղասպան գործողությունների հետևանքով վերջին շրջանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, Արցախի հայության բռնի տեղահանությունը նոր ցավով և տագնապի ծանր զգացումներով է համակել մեր ժողովրդին: Սեփական ինքնության համար պայքարող Արցախի հայության դեմ իրականացված հրեշավոր ոճրագործությունները իրական պատկերն են Ադրբեջանի հակահայկական պետական քաղաքականության: