Մատ Մարիամ եկեղեցում, որը ասորական համայնքը դատարանի միջոցով պահանջում է իր ժողովրդի ժառանգություն ճանաչել, անհայտ անձիք հակաօրինական գործողություններ են իրականացրել։
Անհայտ անձիք ՀՀ Դիմիտրով ասորական գյուղում հարձակվել են Մատ Մարիամ (Սուրբ Աստվածածին) եկեղեցու վրա։ Ինչպես պնդում է «Հայադտա» ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Իրինա Սագրադովա-Գասպարյանը, եկեղեցու շուրջը փոս են փորել, լցրել բետոնով, իսկ եկեղեցուց հանել են ասորական պատկանելությունը հավաստող առարկաները։
Մինչդեռ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դեռևս չի ավարտվել ասորական համայնքի հայցով դատավարությունը, որով համայնքը պահանջում է եկեղեցին իր տնօրինությանը վերադարձնել և այն ճանաչել ասորի ժողովրդի ժառանգություն (մի քանի տարի առաջ Հայ առաքելական եկեղեցու հոգևորականները տեղի բնակիչներից պահանջել և ստացել են եկեղեցու բանալիները): Ընդ որում` դատարանը բավարարել է համայնքի միջնորդությունը հայցի ապահովման միջոցի վերաբերյալ, ուստի մինչև գործի ավարտը այդ տաճարի հետ կապված ցանկացած միջամտություն արգելվել է (ՀԱԵ-ն միջնորդություն է ներկայացրել հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին):