Հայաստանի Հանրապետությունում բոլոր ոլորտներում կա ճգնաժամ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց դասի տարեկան ժողովի մասնակիցների հետ հանդիպմանը:
«Եթե չլիներ այդ ճգնաժամը՝ այն իրադարձությունները, որ տեղի ունեցան Հայաստանի Հանրապետությունում, ուղղակի տեղի չէին ունենա: Եթե չկա ճգնաժամ՝ այդ իրադարձությունները տեղի չէին ունենա և այն, որ Հայաստանի Հանրապետության հարյուր հազարավոր քաղաքացիներ և Սփյուռքի հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ շատ հստակ դիրքորոշում արտահայտեցին՝ սկսած դպրոցականներից, ավարտած տարեցներով: Սա վկայությունն էր այն բանի, որ 2018 թվականի գարնան դրությամբ մենք չունեինք մի ոլորտ, բացարձակապես չունեինք ոլորտ, որտեղ չունեինք ճգնաժամ: Ես, քավ լիցի, չեմ ասի, թե այս մեկ ու կես տարվա ընթացքում այդ ճգնաժամերը լուծվել են, բայց մի ճգնաժամ հաստատ լուծվել է, վստահության ճգնաժամը հաստատ լուծվել է: Սա լավ հիմք է, որպեսզի մենք շարունակենք մեր ճանապարհը և լուծենք նաև մյուս բոլոր ճգնաժամերը և լուծենք դա կառուցողականության, փոխադարձ հարգանքի, բաց, անկեղծ, ուղիղ երկխոսության և քննարկումների միջոցով: Համենայնդեպս, ես այսպիսին եմ պատկերացնում նաև պետություն-եկեղեցի հարաբերությունները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: