Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանը հարցազրույց է տվել թուրքական «Hürriyet» իշխանամետ պարբերականին: Հարցազրույցում անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանությանը, հայտնում է Ermenihaber-ը:
Թերթի լրագրողը Մաշալյանից հետաքրքրվել է, թե արդյոք ապրիլի 24-ին տեղի ունեցող միջոցառումները կարող են ցավերը կիսելու համար ճիշտ հող նախապատրաստել:
Մաշալյանը նշել է, որ Թուրքիայում ապրիլի 24-ը երկար ժամանակ տաբու է համարվել և ընկալվել է որպես թշնամական վերաբերմունք, որը կոտրվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից, երբ 2015-ին այն ժամանակ վարչապետ Էրդողանը «ցավակցական հեռագիր» հղեց:
«Մենք առաջին անգամ եկեղեցիներում մեր հանգուցյալներին հիշատակեցինք, աղոթեցինք նրանց համար: Իհարկե, սա շատ դրական զարգացում էր: Մենք ստիպված չենք ամեն դեպքին քաղաքականության աչքերով նայելու: Ամեն ինչ նաև մարդկային կողմ ունի: Կորցնելուց հետո մարդուն չես կարող հետ բերել, սակայն ցանկանում ես գոնե սուգը պահել: Մարդիկ միմյանց տառապանքները պետք է հարգեն, քանի որ ցավը միայն կիսելով է նվազում, ուրախությունն էլ՝ կիսելով ավելանում»,- ասել է պատրիարքը: