Նիկոլ Փաշինյանն ու Գարեգին Բ-ն հանդիպել են. աշխատանքային խմբի հանդիպում է կայացել

  • 03/05/2019

newspress.am

Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպումը:

Իր խոսքում, վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Վեհափառ տեր,
Հոգևոր հայրեր,
Կառավարության հարգելի ներկայացուցիչներ,

Ուրախ եմ մեր այսօրվա հանդիպման համար և շատ կարևոր եմ համարում այն: Վեհափառ Հայրապետի հետ քննարկումների արդյունքում մենք եկանք այն եզրակացության, որ անհրաժեշտ է ստեղծել աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով զբաղվելու համար, որպեսզի ունենանք մշտական գործող աշխատանքային ձևաչափ, որպեսզի գոյացող հարցերը քննարկվեն և լուծումներ ստանան: Ընդ որում, այդ լուծումները ցանկալի է, որ լինեն ոչ թե հատվածական և այսրոպեական, այլ ընդհանրապես ինստիտուցիոնալ և երկարաժամկետ: Այս առումով, կարծում եմ, որ չափազանց կարևոր է, որ այս քննարկումների համատեքստում համադրենք եկեղեցի-պետություն հարաբերությունների մեր պատկերացումները այն նոր իրավիճակի համատեքստում, որ այսօր գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունում: Իհարկե, կարիք չկա ասելու, թե մեզ համար ինչպիսի մեծ կարևորություն և դերակատարում ունի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին: Ես ուզում եմ ասել, որ այսօր Հայաստանում իշխող քաղաքական ուժի՝ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի առանցքային դրույթներից մեկը մեր ազգային ինքնության պահպանման խնդիրներն են, և սա եղել է մեր քաղաքական ուժի հիմնադիր ծրագրում դեռևս 2013 թվականից: Իհարկե, սա կարևորագույն առաջնահերթություն է մեզ համար, և այս առումով Հայ Առաքելական Եկեղեցու դերն առանձնահատուկ է և միշտ եղել է առանձնահատուկ: Բայց նաև կա խնդիր՝ հասկանալու, թե ինչքանով են մեր պատկերացումները նույնական ինքնության պահպանման առումով, և ինչ հարցեր կան այս համատեքստում, որ պետք է քննարկենք»:

Ամբողջական տեքստ