Հայաստանում 2021 թ․ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ։
«Աստծո ողորմածությամբ խորհրդարանական ընտրությունները, հակառակ նախընտրական լարվածությանը, սուր հակադրությունների և արձանագրված որոշ խախտումների, ունեցան համեմատաբար խաղաղ ընթացք և անցան առանց լուրջ միջադեպերի։
Եկեղեցու համար չափազանց կարևոր է, որ երկրի ղեկավարումն ստանձնող քաղաքական ուժը կարող լինի ապահովելու և երաշխավորելու ազգանպաստ լուծումները կենսական այնպիսի հարցերի, որոնք վերաբերում են Հայաստանի, Արցախի և հավատավոր մեր ժողովրդի անվտանգությանը, ազգային ինքնության և արժեհամակարգի պաշտպանությանը, կրթությանը, մշակույթին, հանրային համերաշխությանը և համազգային ընդգրկում ունեցող այլ խնդիրների։ Մայր Աթոռը և մեր Եկեղեցու հոգևոր ողջ դասը իր դիրքորոշումներն ու մտահոգությունները պարբերաբար արտահայտել է նման կարևորագույն հարցերի վերաբերյալ և այսուհետ ևս հետևողական է լինելու հիշյալ ոլորտներում պետական, ազգային և հոգևոր առաջնային շահերի պաշտպանությանը։