Մոտ մեկ ամիս առաջ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որով ամանորյա տոներին ոչ աշխատանքային են լինելու միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը եւ 6-ը: Սակայն ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկեց առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ փոփոխություն անել եւ ոչ աշխատանքային թողնել նաեւ հունվարի 2-ը եւ 7-ը:
Օրերս էլ Մայր Աթոռը դիմեց Ազգային ժողովի խմբակցություններին՝ Ամանորի ու սուրբծննդյան տոների ոչ աշխատանքային օրեր պահպանել նաեւ հունվարի 5-ը՝ որպես սուրբծննդյան Ճրագալույցի տոնական օր, եւ հունվարի 7-ը՝ որպես մեռելոց հիշատակի օր․ «Կարեւորում ենք պետական տոնացույցում ազգային, հոգեւոր ու պետական տոների եւ հիշատակի օրերի պատշաճ ներկայացվածությունը, քանզի մեր հոգեւոր ու մշակութային արժեքները, ազգային դիմագիծն ու ձգտումներն արտահայտվում են նաեւ տոների եւ հիշատակի օրերի խորհուրդներում: Հատկանշական է, որ շատ երկրներում, որոնց թվում՝ Ավստրիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռումինիան, Լեհաստանը, Լիտվան եւ հարեւան Վրաստանը, պետական ոչ աշխատանքային օրերի գերակշռող մասը (60-80%) եկեղեցական տոներ են։ Մինչդեռ քրիստոնեությունն իբրեւ պետական կրոն առաջինն ընդունած Հայաստանում միայն 19%-ն է եկեղեցական»։