Դեկտեմբերի 8-ին Պոլսի հայ համայնքը պատրիարք էր ընտրում: Թեև պաշտոնապես Պոլսի հայոց պատրիարքի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 11-ին անցկացվելիք ընտրության օրը, բայց արդեն Նախաձեռնակ մարմնի կողմից նախնական արդյունքների հրապարակումից հետո պարզ է, թե ով հաղթելու ավելի մեծ շանսեր ունի:
Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունը երկաստիճան է: Նախ ընտրվում են պատվիրակներ՝ հոգևորական դասից և համայնքի անդամներից: Հոգևորական պատվիրակները, որոնք 17-ն են, ընտրվել են դեկտեմբերի 7-ին ընդհանուր կրոնական ժողովի կողմից, իսկ համայնքի պատվիրակները՝ 103 հոգի, ընտրվել են դեկտեմբերի 8-ին:
Ըստ նախաձեռնակ մարմնի ներկայացրած տվյալների՝ դեկտեմբերի 8-ին հաղթել են նարնջագույնները՝ պատրիարքի տեղապահ Սահակ եպս Մաշալյանի կողմնակիցները: Վերջինները ստացել են 9008 ձայն, իսկ մանուշակագույնները՝ Արամ արք. Աթեշյանի կողմնակիցները՝ 3529 քվե: Նախնական այս արդյունքներից ելնելով՝ դեկտեմբերի 11-ին կայանալիք պատրիարքի ընտրությանը Մաշալյանին աջակից պատվիրակների թիվը կլինի 89, իսկ Աթեշյանը ներկայացնող պատվիրակներինը՝ 12։ Եվս մեկ հոգի ընտրվել է որպես անկախ պատվիրակ: