Ստեփան Դանիելյան. Պետք չէ հույսեր փայփայել դրսի ու ներսի հրաշքների վրա

  • 24/09/2022

panorama.am

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.

«Երբ հանդիպումն է օրակարգ, այլ ոչ թե բովանդակությունը

Երբ լուրջ մարդիկ լուրջ նպատակով հանդիպում են, ապա նախօրոք աշխատանք են կատարում, համաձայնեցնում են հանդիպման օրակարգը, դրանով ցույց տալով, որ թեմայի շուրջ ընդհանուր համաձայնություն կա: Համաձայնվելով օրակարգի հետ, պատրաստակամություն են հայտնում դրա շուրջ խոսել ու քննարկում են դետալներն ու ճանապարհային քարտեզը:

Էջմիածնում տեղի ունեցած կաթողիկոսի ու նախկին նախագահների Summit-ի օրակարգն անհայտ է, այնինչ, հաշվի առնելով հանրության մի մասի սպասելիքները, քննարկման թեման պետք է հայտարարվեր, որպեսզի դրա շուրջ հանրային դիսկուրս ձևավորվեր, եթե նախագահներն ու կաթողիկոսը Սասունցի Դավիթի նման վճռական մենակներ չեն ու առանց հանրային մասնակցության են պատրաստվում ինչ-որ բան որոշել ու անել: Առավել ևս, որ մասնակիցներից յուրաքանչյուրը ժամանակին ինքնադրսևորվելու մեծ հնարավորություն է ունեցել, ու ինչ …:

Այս նախաձեռնության ամենաբացասական կողմն այն է, որ մարդիկ կախարդական փայտիկների վրա են հույսը դնում և հետո ավելի են հուսահատվում, երբ պարզվում է, որ ոչ մի փայտիկ էլ չկա:

Կարծում եմ, որ պետք չէ հույսեր փայփայել դրսի ու ներսի հրաշքների վրա, այլ պետք է, որ հասարակությունն ինքնակազմակերպվի և ինքնուրույն իր հարցերը լուծի:

Ինչ վերաբերվում է Summit-ի աշխատանքներին, ապա հաջողություն եմ մաղթում ու հույս փայփայում, որ, այնուամենայնիվ, կախարդական փայտիկներ գոյություն ունեն, որոնցից մեկը կցուցադրվի հերթական հանդիպումների ժամանակ ու Էջմիածնից թափորով, Սուրբ Գեղարդի հետ, կբերվի Երևան»։