Արցախյան պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակի մեջ Իրանի դերի մասին Կովկասյան մուսուլմանների վարչության նախագահի հայտարարությունը Թուրքիայում լուրջ «խանդ» առաջացրեց։
Կովկասյան մուսուլմանների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հայտարարություններն ընդամենը առիթ էին Թուրքիայի հակաիրանական քարոզչության համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արևելագետ Արտյոմ Տոնոյանը` մեկնաբանելով Փաշազադեի որոշ հայտարարությունների առնչությամբ ծավալված սկանդալը։
Ավելի վաղ թուրքական և ադրբեջանական ԶԼՄ–ները քննադատության էին ենթարկել Փաշազադեին` Արցախյան պատերազմում տարած հաղթանակում Այաթոլլա Համենեի վճռական դերի մասին նրա հայտարարություններից հետո։ Հիշատակել էին նաև շեյխ ուլ իսլամի մասնակցությամբ նախկին սկանդալներն ու Եվրոպայում նրան վերագրվող անշարժ գույքը։ Քննադատությունն արդեն մի քանի շաբաթ է չի դադարում։
Տոնոյանի խոսքով` Թուրքիայի իշխանության ներկայացուցիչների և իշխանությանը մոտ կանգնած շրջանակների շարքում մտահոգություն է առաջացնում հենց 90-ականներին Համենեի դերի մասին հայտարարությունը (այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը իսլամական հող է)։