Քահանան գրին քարտ է ստացել` մեկնել ԱՄՆ

  • 08/06/2023

hraparak.am

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հաղորդում են. «Հունիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Ադամ քահանա Մովսեսյանը: Տնօրինության համար հիմք է ծառայել Տեր Ադամ քահանայի՝ Իրաքի հայոց թեմում ծառայության վայրն ինքնակամ լքելը և ԱՄՆ մեկնելը։ Կարգալույծ եկեղեցականը դասվում է աշխարհականների շարքին՝ Դավիթ Մովսեյան ավազանի անունով»:

Մենք փորձեցինք պարզել, թե որն է ծառայության վայրը լքելու եւ ԱՄՆ տեղափոխվելու պատճառը, մեզ ասացին, որ Ադամ քահանա Մովսեսյանը գրին քարտ է շահել ու տեղափոխվել ԱՄՆ` բնակության: Առհասարակ հոգեւորականների կարգալույծ լինելու հիմքում սովորաբար ընկած սոցիալական վիճակը` ցածր կենսամակարդակն ու չարքաշ կյանքը: Թեմերում ծառայություն մատուցող հոգեւորականները պաշտոնապես չեն վարձատրվում, նրանք գումարներ են ստանում թեմում կատարած ծեսերի համար: Եւ այդ առումով առավել ծանր է Հայաստանի մարզերում ծառայություն մատուցող քահանաների վիճակը:

Հոգեւորականը, որը մուրացկանի նման նայում է իր ղեկավարած թեմի անդամների ձեռքին եւ սպասում է, թե ով ինչքան գումար կտա իրեն այս կամ այն արարողության համար, բնական է, որ հարմար առիթի դեպքում պետք է լքի երկիրն էլ, ծառայությունն էլ: