44-օրյա պատերազմը բոլոր առումներով անարդար եւ չկազմակերպված էր․ Արցախի թեմի առաջնորդ

  • 09/11/2022

news.am

Պատերազմի ավարտից երկու տարի անց որեւէ գիտակից հայ չի կարողանում համակերպվում, որ ինքը ոչ միայն պարտվել է, այլ նաեւ, որ այդ ամենը եղել է անարդար կերպով։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

«Առաջին անգամը չէր, որ մենք պատերազմական գործողություն էինք տեսնում։ Բայց սա բոլոր առումներով անարդար եւ չկազմակերպված պատերազմ էր, որի ամբողջ իմաստը կորսված է։ «Քաջերը քաջերի դեմ ելան, երկու կողմն էլ պարտություն կրեց» արտահայտությունն այս պատերազմի մասին չէր, մեր դիմաց քաջեր չէին, այստեղ կազմակերպված ծուղակ էր, եւ մենք արձանագրեցինք այս խայտառակ պարտությունը»,- ասաց Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Ըստ նրա՝ Անգնահատելի եւ անկշռելի է այն հոգեւոր արժեքը, որն այժմ ոչնչացնում է Ադրբեջանը։

«Մշակութային եղեռն է։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման ծանրակշիռ կազմակերպությունն ուղղակի չի արձագանքում, այդ նույն կազմակերպությունն այսօր մշակութային բարձր արժեքների մասին է խոսում»,- նկատեց եպիսկոպոս Աբրահամյանը։

Արցախի թեմի առաջնորդի խոսքով՝ չնայած կրած ծանր կորուստներին, , մարդիկ կարող են վստահություն ունենալ իրենց վաղվա օրվա նկատմամբ, եթե արդարության նշույլներ տեսնեն քաղաքականության մեջ։

Ամբողջական տեքստ