ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատեր Վահե Պետրոսյանը, ով ներկայանում է որպես կրոնական քարոզիչ, իր ուղիղ եթերներից մեկում խնդրել է իրեն ուղարկել առաջնագծում գտնվող զինվորների վերաբերյալ «վկայություններ», թե ինչպես են վերջիններս փրկվել Աստծո շնորհիվ: ԱԱԾ-ն հիշեցնում է, որ պատերազմական իրավիճակում առաջնագծի, թիկունքի, զորքերի տեղաշարժի, մարդկանց կուտակումների վերաբերյալ, ինչպես նաեւ առաջին հայացքից թեկուզ ոչ նշանակալի թվացող ցանկացած տեղեկատվություն անթույլատրելի է փոխանցել այլ անձանց, քանի որ նման տվյալներն ուղղակի կամ անուղղակի կերպով կարող են օգտագործվել ՀՀ եւ Արցախի անվտանգությանը վնասող գործողություններ իրականացնելու համար: Այս մասին «Իրավունքը» զրուցեց «Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» ՀԿ նախագահ, ազգային եւ հոգեւոր արժեքների պաշտպանության «Ազգային ճակատի» ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԻ հետ:
– Պարոն Ամարյան, ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել Վահե ՊԵտրոսյան անունով աղանդավորականը: Ազգային անվտանգությունն ազգաբնակչությանը հորդորել է սոցիալական ցանցերում շփումների ընթացքում դրսեւորել զգոնություն, աչալրջություն եւ զերծ մնալ առաջնագծին առնչվող տվյալներ տարածելուց: Ի՞նչ կասեք վերոնշյալ հայտարարության վերաբերյալ:
– Այսօրվա դրությամբ՝ բոլոր աղանդավորները մտել են ընդհատակ այնպես, որ չերեւան: Բայց հիմնականում այս օրերին կրոնական կառույցներ կան, որ զբաղված են տեղեկատվության հավաքագրման խնդրով, ինչպիսիք են մորմոնները, «Եհովայի վկաները», խարիզմատիկ եկեղեցիները: Վահե Պետրոսյանը, որին ես եմ ճանաչում, ինչքան գիտեմ, խարիզմատիկ եկեղեցու ներկայացուցիչ է: