– Վեհափա՛ռ Տեր, անընդհատ տեղեկություններ ենք ստանում, որ անհատ հոգեւորականներին, որոնք անկաշկանդ կերպով հանդես են գալիս օրվա իշխանությունների հանդեպ քննադատությամբ, արգելվում է այլեւս խոսել, հարցազրույցներ տալ։ Արդյոք Ձեր կողմից կա՞ նման հրահանգ, Դուք թույլատրո՞ւմ եք, որ հոգեւորականներն ազատ կարծիք հայտնեն մեր պետությանն ու ժողովրդին առնչվող թեմաներով։
– Յուրաքանչյուր հոգեւորական ազատ է հասարակությանը հուզող խնդիրների շուրջ իր կարծիքն արտահայտելու՝ միշտ հիմնվելով հոգեւոր-եկեղեցական հիմնարար սկզբունքների ու ըմբռնումների վրա։ Այս առումով եկեղեցականների առջեւ որեւէ արգելք չկա։
– Ինչպիսի՞ հարաբերություններ ունեք Դուք եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վերջին անգամ ե՞րբ եք նրա հետ ուղիղ շփում ունեցել։
– Մեր հանդիպումները ՀՀ կառավարության ղեկավարի եւ իշխանությունների ներկայացուցիչների հետ հետպատերազմյան տարիներին եղել են արարողակարգային, պետական միջոցառումների շրջանակներում, ինչպես, օրինակ, ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը։