Պաշտպանը շեշտել է, որ նման հանցագործություններն ազգություն չեն ճանաչում և ուղղված են համայն մարդկության դեմ։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հարգանքի տուրք է մատուցել 2014թ. Իրաքի Սինջար քաղաքում ցեղասպանության զոհ դարձած եզդիների հիշատակին։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
Մանասյանն Արմավիրի մարզի Ակնալճի եզդիների հոգևոր կենտրոն է այցելել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խորհրդարանում Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանի ուղեկցությամբ։
Նրանք ծաղիկներ են խոնարհել ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։
«2014 թվականի ողբերգությունը, որ տեղի է ունեցել եզդի ժողովրդի հետ, ազգություն չի ճանաչում և հանցագործություն է ընդդեմ համայն մարդկության: Նման երևույթներն այլևս չպետք է երբեք կրկնվեն, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ վերջիններս քաղաքակիրթ աշխարհի կողմից ճանաչվեն և դատապարտվեն»,- ասել է պաշտպանը: