Նախօրեին մամուլում սկսեցին լուրեր շրջանառվել, որ Տավուշի մարզի Իջևանի, Նոյեմբերյանի, Շամշադինի վարչական տարածքում գտնվող մոտ 5 գյուղերի ճակատագիր եւս վտանգված է։
Թեեւ Տավուշի մարզպետարանը հերքեց, այնուամենայնիվ նման մտահոգություններ առանձին լրատվամիջոցերի հայտնել են նաեւ Տավուշի բնակիչները, ովքեր մտահոգված են, որ սահմանազատումը շուտով կհասնի նաեւ Տավուշին եւ որոշ տարածքներ, այդ թվում՝ կարեւոր ենթակառուցվածքներ, կանցնեն ադրբեջանական հսկողության տակ։ Ըստ նույն լուրերի` քննարկվում է երկու զորամասի տեղափոխման հավանականության հարցը։
Այս եւ առկա այլ ցավալի իրողությունների շուրջ զրուցել ենք պատերազմի առաջին իսկ օրերից հայ զինվորի կողքին` ոչ միայն հոգեպես, այլ նաեւ ֆիզիկապես կանգնած Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ, ով անդրադառնալով վերը նշված լուրերին նկատեց.
– Այսօր շատ դժվար, բարդ իրավիճակում ենք գտնվում` հատկապես լրատվական իմաստով: Տավուշի մասով շրջանառվող լուրերի հետ կապված կարող եմ ասել հետեւյալը. մինչեւ այս պահը եղած տվայլներով այդ լուրը հերքվել է գոնե մարզի բոլոր հնարավոր օղակներով: Տավուշեցիները մեկ սանտիմետր հող զիջելու տրամադրություն չունեն եւ չենք ունենալու: Դա կլինի վերջնականապես մեր արժանապատվության ստորացման հերթական` հավանաբար վերջին քայլը, որը մենք պատրաստ չենք որեւէ կերպով ընդունել:
Հետեւաբար ես չեմ բացառում, բայց չեմ էլ կարծում, որ նման քայլի կգնան: Աստված մի արասցե եթե փորձեն Տավուշի մասով գնալ զիջումների, ապա մեզ կգտնեն խարամատներում: Մենք չենք պատրաստվում որեւէ կերպով տեղի տալ: