Հունիսի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է քաղաքապետի պաշտոնակատարին նշանակման առիթով` վստահություն հայտնելով, որ նա ազգանվեր ծառայությամբ իր ջանքերը կներդնի ի նպաստ քաղաքի բարեկարգման և կենսամակարդակի բարձրացման: Նորին Սրբությունն անդրադարձել է Մայր Աթոռի կողմից իրականացված նախաձեռնություններին, որոնց շնորհիվ քաղաքն ավելի ներկայանալի և գրավիչ է դարձել այցելուների համար, ինչպես նաև ներկայացրեց ապագա ծրագրերը: Այս առումով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է գործակցությունը հայոց հոգևոր կենտրոնի և քաղաքապետարանի միջև: Իր հերթին Դիանա Գասպարյանը շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին ընդունելության և օրհնության համար` ուրախություն արտահայտելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ իր առաջին հանդիպման կապակցությամբ: