Եպիսկոպոսները դեմ են ստորացուցիչ խաղաղություն կնքելուն

  • 01/10/2022
  • Սյուզան Սիմոնյան

hraparak.am

Ամենայն հայոց կաթողիկոսն առանձին առանձին հանդիպել է նախկին նախագահների հետ։ Մոտ օրերս սպասվում է համատեղ հանդիպում։ Տեղեկատվական արտահոսք եղավ, որ որոշ եպիսկոպոսներ չեն կիսում ՀՀ առաջին նախագահի հնչեցրած կարծիքները։ Ըստ որոշ լուրերի, Վեհափառը ՀՀ առաջին նախագահի դիրքորոշմանը համաձայն է, սակայն դրան դեմ են ընդդիմադիր եպիսկոպոսները, եւ նրանք վերջինիս վրա ճնշում են գործադրում։ Լուրեր կային, որ Վեհափառը հեռախոսազրույց է ունեցել նաեւ Փաշինյանի հետ, իսկ վերջինս այդ մասին պատմել է իր թիմակիցներին՝ խորհրդարանում փակ հանդիպման ժամանակ։

Առաջին նախագահի ու կաթողիկոսի հանդիպման մասին լուրը մասամբ հաստատեց Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնը՝ տնօրեն Եսայի քահանա Արթենյանն իր էջով տեղեկացրեց, որ ՀՀ եւ ԼՂՀ նախագահների հաջորդ հանդիպման նախապատրաստման նպատակով Ամենայն հայոց կաթողիկոսն առանձին հանդիպումներ է ունեցել նախագահների հետ, եւ նախորդ օրը տեղի է ունեցել հանդիպում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։ Իսկ «առանձնազրույցի բովանդակության եւ նաեւ վարչապետի հետ հանդիպման վերաբերյալ տարածվող նյութերը կեղծ են» եւ «նպատակ են հետապնդում ձախողել նախաձեռնված քննարկումների գործընթացը»։ Մոտավորապես նույնը տարածեց նաեւ ՀՀ առաջին նախագահի գրասենյակը՝ այդ «հորինվածքները․․․ միտված են իշխանության եւ ընդդիմության հնարավոր երկխոսության վիժեցմանը»։ «Ամենայն հայոց կաթողիկոսը եւ ՀՀ առաջին նախագահը քառասուն տարվա գործընկերներ են՝ Գեւորգյան ճեմարանում եւ «Էջմիածին» ամսագրում համատեղ աշխատանքի ժամանակներից։ Ուստի, նրանց հանդիպումները զարմանք չպետք է հարուցեն»,- գրել է Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը։

Ամբողջական տեքստ