Կոտայքի մարզի Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի հետագա հնագիտական ուսումնասիրության, ամրակայման եւ վերականգնման աշխատանքների շուրջ համագործակցության հուշագիր է կնքվել ԿԳՄՍ նախարարության ու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջեւ։
Համաձայն կնքված հուշագրի, ԿԳՄՍ նախարարությունը աշխատանքների ընթացքում եւ ավարտից հետո կապահովի նոր հայտնաբերված ամրոցի պատշաճ պահպանությունը, եւ աշխատանքների կատարման ընթացքում կցուցաբերի մասնագիտական ու գիտագործնական աջակցություն:
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն էլ սեփական միջոցների հաշվին կիրականացնի նոր հայտնաբերված ամրոցի հնագիտական պեղումների, ինչպես նաեւ ամրակայման եւ վերականգնման աշխատանքները։ Նաեւ իր իրավասությունների սահմաններում կցուցաբերի աջակցություն այլ հարցերում:
Կողմերը վերահաստատել են հուշագրով սահմանված պարտականություններն իրականացնելու պատրաստակամությունը։ «Հուշագիրը կնքվել է՝ կարեւորելու պատմամշակութային ժառանգության արժեքն ու հետագա սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը, օժանդակելու պատմության եւ մշակույթի հուշարձանների վերականգնմանն ու օգտագործմանը»: