Էջմիածնի տեղեկատվական համակարգը օրեր առաջ հաղորդեց, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հունիսի 27-ին մեկնում է Հնդկաստան եւ Թաիլանդ` մեկշաբաթյա այցով: Շատերը տարակուսեցին, թե ինչու է կաթողիկոսն այդքան հաճախ մեկնում Հնդկաստան, եւ ինչն է հատկապես Թաիլանդ մեկնելու նպատակը:
Մեկ շաբաթն արդեն լրացել է, սակայն, պարզվում է, Վեհափառը դեռ չի վերադարձել այդ էկզոտիկ ուղեւորությունից: Ավելին` մեկ շաբաթվա ընթացքում գեթ մեկ նախադասություն Էջմիածինը չի հաղորդել, թե Հայ առաքելական եկեղեցու առաջնորդն ինչու է մեկնել Հնդկաստան, ում հետ է հանդիպել, ինչ է արել Հնդկաստանում եւ հատկապես` Թաիլանդում: Ի վերջո, ինչ հոգեւոր բովանդակություն է ունեցել այցելությունը: Արամ Առաջինի` Կանադա այցի ժամանակ մենք ժամ առ ժամ հաղորդագրություններ էինք ստանում, թե ում է հանդիպել Կիլիկիո կաթողիկոսը, ինչ է արել:
Մենք երեկ հետաքրքրվեցինք, թե Վեհափառին ինչ պատվիրակություն է ուղեկցել այս ուղեւորության ընթացքում: Պարզվեց` Հայ առաքելական եկեղեցուց մեկ անձ է ուղեկցել` կաթողիկոսի գավազանակիրը: Պատվիրակության մեջ են եղել երկու երիտասարդ կին: Կանայք մեկնել են այն բացատրությամբ, թե Հնդկաստանում կտորներ են ընտրելու` հոգեւորականների հագուստների համար: Մեզ ասացին, որ նրանցից մեկը կաթողիկոսի մաքրուհու դուստրն է, երկուսն էլ ինչ-որ հաստիքների վրա գրանցված են, այսինքն, աշխատում են Վեհարանում: