Հայաստանում Արեւելքի ասորական եկեղեցու հոգեւորական Արժանապատիվ ՏԵՐ ՆԻԿԱԴԻՄ ՅՈՒԽԱՆԱԵՎԻ գնահատմամբ՝ կրոնական ազատությունը, որպես մարդու հիմնարար իրավունք, ցավոք, շարունակում է մնալ ամենաոտնահարվածներից մեկը, ինչի մասին վկայում են կրոնական հակամարտությունների առկայությունը եւ կրոնի անունից իրականացվող բռնությունների շարքը աշխարհի տարբեր հատվածներում:
– Այսօր աշխարհի ամենաաղետալի հակամարտություններից մեկը, որը դեռեւս շարունակում է խլել մարդկային կյանքեր ամբողջ երկրագնդով մեկ, կրոնական բնույթ կրող հակամարտություններն են: Սա մեր ժամանակների մեծագույն պարադոքսն է, որովհետեւ կրոնն իրականում պետք է ծառայի ամբողջ մարդկությանը՝ ազգերի, ցեղերի, ժողովուրդների միջեւ խաղաղության, փոխըմբռման, արդարության եւ ներդաշնակության խթանման համար: Բայց մեծ ափսոսանքով տեսնում ենք եւ գիտակցում, որ ամենեւին էլ այդպես չէ: