Պայմանավորված 2022 թվականի հունիսի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մամուլի ասուլիսի ընթացքում արված հայտարարությամբ, որ Աղավնո գյուղի մոտով անցնող Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի երթուղու փոփոխությունից հետո Բերձոր քաղաքն ու հարակից Աղավնո և Ներքին Սուս գյուղերն անցնելու են ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ և բնակիչները տարհանվելու են, Արցախի իշխանությունները օգոստոսի սկզբին սկսեցին այդ բնակավայրերից մշակութային հուշարձանների տարհանումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» հարթակը։
«Օգոստոսի 25-ի դրությամբ տարհանվել է 47 մշակութային հուշարձան, այդ թվում՝ խաչքարեր, հուշաքարեր, կիսանդրիներ, հուշաղբյուրներ։
Ցավոք, նման սեղմ ժամկետում տեխնիկապես անհնար է եղել իրականացնել սբ. Համբարձման և սբ. Նահատակաց եկեղեցիների և Բերձորի Արցախյան ազատագրական պատերազմին նվիրված հուշահամալիրի տարհանումը: Սակայն հնարավոր է եղել մասնակիորեն տարհանել Բերձորի սբ. Համբարձման եկեղեցու առանձին էլեմենտներ, արևելյան ճակատի արծվի քանդակը, սուրբ սեղանը, մկրտարանի ավազանը, գլխավոր եկեղեցու և ռոտոնդայի խաչերը: