Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցն ամփոփելով` «Իրավունքը» զրուցել է Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. ՍԵՐՈՎԲԵ եպիսկոպոս ԻՍԱԽԱՆՅԱՆԻ հետ:
«ՇՈԼՑԸ ՀՍՏԱԿՈՐԵՆ ԱՐՏԱՀԱՅՏԵՑ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ՝ ԼԵԶՎԻ ՍԱՅԹԱՔՈՒՄ ՉԷՐ»
— Սրբազան հայր, ինչպե՞ս կգնահատեք Նիկոլ Փաշինյանի այցը Գերմանիա:
— Որքանով պաշտոնական հաղորդումներում եւ տեղեկագրություններում է ներկայացված ինչպես կառավարության եւ ՀՀ դեսպանության կողմից, այնպես էլ գերմանական կողմից, կարծում եմ` հանդիպումների մակարդակի իմաստով աշխատանքային այցը հաջող էր եւ դրական նկատվեց: Անշուշտ, հայկական մամուլը շատ ավելի անդրադարձավ, իսկ գերմանական կողմը ներկայացրեց Գերմանիայի կանցլերի հետ հանդիպումը, ապա ԳԴՀ նախագահին այցելությունը, թեպետ Հայաստանի վարչապետն ունեցել էր նաեւ այլ տեսակի հանդիպումներ: Հատկանշական էր Գերմանիայի կանցլերի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած միասնական ճեպազրույցը, որտեղ կանցլեր Շոլցը խոսեց ոչ միայն Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքային ամբողջականության սկզբունքի մասին, այլ շատ հստակորեն ընդգծեց նաեւ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի մասին եւ այդ հայեցակետերը նկատեց հավասարազոր: Այդ մասին գերմանական կառավարության պաշտոնական էջն էլ գրեց եւ մեջբերեց կանցլերի խոսքերը, թեեւ մեկ օր հետո, չգիտես ինչու, հավանաբար, ինչ-որ ներքին ճնշումների պատճառով գրավոր հաղորդագրությունից հանվեց ԼՂ քաղաքացիների ինքնորոշման իրավունքի մասին ասված նախադասությունը: Բայց բնականորեն, տեսանյութի մեջ կա, որտեղ կանցլերը խոսում է այդ մասին: