Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ․
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:
«Երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞» ( Ղուկ. 18.8 )։
«Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս,
Այսօր համախմբված մեր եկեղեցիների հարկերի ներքո՝ փառաբանում ենք հարուցյալ Փրկչին՝ ավետելով. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»։ Oրհնաբանում ենք հրաշափառ Հարությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, Ով չարչարվեց, խաչվեց ու հարություն առավ, որպեսզի մեզ ազատի մեղքի ու մահվան իշխանությունից, Ով աստվածային անսահման սիրով, Իր փրկագործությամբ մարդկության համար բացեց հավիտենության ու երկնքի արքայության ճանապարհը։ Քրիստոս ցրեց անհուսության խավարը, հարության շնորհը պարգևեց մարդկանց, նաև զորացրեց՝ երկրային այս իրականության մեջ հառնելու տառապանքներից, չարի ներգործությամբ աշխարհն ալեկոծող աղետներից ու ավերածություններից։
Քրիստոսի խաչելությունից մինչ օրս փարիսեցիական խարդավանքները, հուդայական մատնությունները, պիղատոսյան դատավարությունները արհավիրքներ են բերում աշխարհում, աղճատում արարչաստեղծ մարդու կերպարն ու էությունը։ Այսպիսի իրողությունների հանդիման, արդարև, նոր ուժգնությամբ է հնչում Քրիստոսի խոսքը. «Երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞»։