Օգոստոսի 30-ին` 2022-2023 թթ. ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ, Սուրբ Գայանե վանքում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության կարգ: Կրթական ոլորտի երախտավորների օրհնության ավանդության սկիզբը դրվել է 2010 թվականին:
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ արարողությանը ներկա էին ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, կրթական կառույցների ներկայացուցիչներ, ԲՈՒՀ-երի ռեկտորներ, մարզային կրթության վարչությունների ղեկավարներ, ՀՀ մի շարք դպրոցների տնօրեններ և մանկավարժներ:
Oրհնության կարգի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց կրթության ոլորտի երախտավորներին` նշելով, որ այսօր նրանց համար հավատքի վերանորոգության, մեր սուրբ հայրերի հոգեմտավոր վեհ գործի հանդեպ հավատարմության վերահաստատման և ուխտի օր է։