Վատիկանյան ACI STAMPA-ի անդրադարձը՝ Մատենադարանի արցախյան ձեռագրերի ցուցադրությանը

  • 09/03/2021

panorama.am

«Լեռնային Ղարաբաղ՝ ցուցադրություն, որը լույս է սփռում վերջինիս հայկական ծագման վրա»։
Վատիկանյան առաջատար լրատվական գործակալությունը այսպես է վերնագրել հոդվածը, որով հակիրճ անդրադարձ է կատարում արցախյան երրորդ պատերազմի ամենաթեժ պահին Մաշտոցյան Մատենադարանի Գանձասարի մասնաճյուղից տարհանված ձեռագրերի երևանյան ցուցադրությանը:
Տարհանված ձեռագրերը Արցախի հայ գրչության կենտրոնների հարուստ պատմամշակութային ժառանգության խոսուն վկաներն են։

Մատենադարանի ֆեյսբուքյան էջի հաղորդմամբ, հոդվածագիրը նշում է․ «Ասում են, աշխարհի առաջին քրիստոնյա երկրում՝ Հայաստանում, հավատքը փրկել են 36 զինվորներ՝ այբուբենի տառերը։ Այսպիսով, հային դարձնելով գիրքը օջախի կենտրոնում որպես մասունք պահպանող ազգ։
Գրքի կարևորման հենց այս մշակույթի շնորհիվ այսօր հայերը հնարավորություն ունեն վերընթերցելու Արցախի պատմությունը»։

ACI STAMPA-ն այսպես է բնորոշել քրիստոնեական հավատքի և պատմական հիշողության անկաշառ կերպով դարեդար փոխանցման գործում հայ գրավոր մշակույթի կարևորագույն դերը։

Հոդվածում ներկայացվում է նաև ցուցահանդեսի բացման օրը կայացած Մատենադարանի ավագ գիտաշխատող Թամարա Մինասյանի օրերս տպագրված «Ուտիքի գրչության կենտրոնները» գրքի շնորհանդեսը, որը հանդիսանում է 2015թ.֊ին նրա հեղինակած «Արցախի գրչության կենտրոնները» աշխատության շարունակություն։