Քրիստոնյա աշխարհի ամենամեծ տաճարներից մեկը՝ Տիգրանակերտի (Թուրքիա, Դիարբեքիր) Սուրբ Կիրակոս եկեղեցին, որ նաեւ Մերձավոր Արեւելքի ամենամեծ հայկական եկեղեցին է, վերաբացվելու է Սուրբ Զատկի տոնին:
Պոլսո պատրիարքարանից հայտնում են, որ պատրիարք Սահակ արք. Մաշալյանն օրերս է վերադարձել Դիարբեքիրից, որտեղ այցելել է Սուրբ Կիրակոս եկեղեցի, այնուհետեւ հանդիպել նահանգապետի եւ նահանգային իշխանության այլ ներկայացուցիչների հետ, որոնք մոտիկից հետեւում են եկեղեցու նորոգման աշխատանքներին:
Հայկական եկեղեցին մեծապես վնասվել էր 2015-ի թուրք-քրդական բախումների ժամանակ, ինչից հետո պատրիարքարանն այն նորոգելու համար բազմիցս դիմել էր պետական մարմիններին, հայերի՝ կառույցը նորոգելու դիմումները հասել էին մինչեւ Թուրքիայի նախագահական գրասենյակ: Տեղեկացանք նաեւ, որ ըստ թուրքական օրենքների՝ Թուրքիայում համայնքային հիմնադրամների ենթակայության տակ գտնվող եկեղեցիների նորոգմանն ու պահպանմանը պետությունը չի միջամտում, այդ գործի ֆինանսական ամբողջ բեռը դրված է հիմնադրամների վրա: