Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եւ շնորհավորել նրան Կուրբան Բայրամ տոնի առթիվ: Այս տոնը մահմեդական տոներից է եւ համարվում է զոհաբերության տոն, նշում են իսլամադավան երկրներում:
Մենք թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանին խնդրեցինք ներկայացնել, թե ինչ տոն է Կուրբան Բայրամը, եւ ինչպես են այն տոնում։ «Համաձայն Ղուրանի՝ Ջաբրայիլ հրեշտակապետը հայտնվում է Իբրահիմ մարգարեի երազում եւ հայտնում Ալլահի կամքը` զոհաբերելու իր որդուն։ Ղուրանում որդու անունը չի հիշատակվում, սակայն մուսուլման պատմիչները մշտապես կիրառում են Իսմայիլ անունը։ Ի հակադրումն իսլամական ավանդության` հուդայական ավանդության մեջ նշվում է Իբրահիմի մյուս որդու` Իսհակի անունը։ Իբրահիմը մեկնում է Մինայի հովիտ` այն վայրը, որտեղ ներկայումս գտնվում է Մեքքան։ Նրա որդին, իմանալով այդ մասին, չի ընդվզում, քանի որ հավատարիմ էր Ալլահին եւ իր հորը։ Սակայն դա փորձություն էր Ալլահի կողմից, եւ մինչ Իբրահիմը պատրաստվում է զոհաբերել որդուն, Ալլահն անում է այնպես, որ դանակը չկտրի։ Որդու փոխարեն Իբրահիմը զոհաբերում է մի գառ, իսկ Ալլահը նրան տեղեկացնում է, որ ունենալու է եւս մեկ որդի` Իսհակին: Մահմեդական այս տոնը սկսվում է, երբ ավարտվում է հաջը: Հաջն ուխտագնացություն է Մեքքա եւ դրա մերձակայք: Հաջը համարվում է իսլամի հինգերորդ հիմնասյունը՝ Շահարդայից, Նամազից, Զաքարտից եւ Պահքի ամսից հետո: Կուրբան Բայրամի տոնի ժամանակ մահմեդականները պետք է ինքնամաքրվեն, հագնվեն մաքուր եւ տոնական հագուստներ: Այդ օրը ոչ աշխատանքային է իսլամադավան երկրներում: Մզկիթում տեղի է ունենում տոնական աղոթք, որից հետո ընթերցվում է խուտբա»: