Ադրբեջանը մշակել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը։
Նա պատմեց, որ Ադրբեջանի «Հուշարձանների պաշտպանության հասարակական միավորում» կազմակերպությունը նախագծի վերաբերյալ նաեւ լուսանկար է հրապարակել։ Ըստ նախագծի, ապամոնտաժվում է գմբեթի վեղարն ու զանգակատունը, կցակառուցվում՝ երկու մինարեթներ։
«Նախագիծը հաստատվել է Ադրբեջանի նախագահ Ալիեւի հրամանի համաձայն։ Նմանատիպ հրաման Ալիեւը տվել է դեռեւս այն ժամանակ, երբ հերթական ապօրինի այցով գտնվում էր օկուպացված Հադրութի շրջանում։ Իրենց հիմնական նպատակն օկուպացված հայկական բոլոր բնակավայրերում հայկական մշակութային ժառանգությունը վերացնելն է։ Այն եկեղեցիներն ու մշակութային արժեք ներկայացնող հաստատությունները, որոնք կառուցվել են անկախության ժամանակաշրջանում, որոնք հնարավոր չեն աղվանականացնել, Ալիեւի հրամանով վերածում են մզկիթի կամ այլ կառույցների»,- ասաց կենտրոնի ղեկավարը։