Նոյեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ հղեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին ծննդյան 75-ամյակի առիթով: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:
Ռուս Ուղղափառ Եկեղեցու գահակալին ուղղված շնորհավորագրում ասված է. «Ձերդ Սրբություն, Ձեր ողջ կյանքը, Ձեր հովվապետական ծառայությունը ամբողջապես նվիրել եք աշխարհում Քրիստոսի Եկեղեցու դերի ամրապնդմանը, Սուրբ Ավետարանի անանց ճշմարտությունների բարեհաջող վկայությանը և մարդկանց սրտերում հոգևոր ու բարոյական արժեքների անդադարարմատավորմանը՝ արդի մարտահրավերների հաղթահարման և մարդկության խաղաղ ու բարօր կյանքի կերտման գործում հոգևորի առաքելության և կարևորության ամուր գիտակցությամբ: Ձեր հովվական խոսքն ու խրատը մեր օրերում իբրև փարոս է ծառայում կարոտյալների, տկարների և մխիթարություն ու հոգևոր լուսավորություն փնտրող շատերի համար: