armtimes.com (8.06.2018)
Մեր ստացած տեղեկությունների համաձայն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում դամբարան է կառուցվում՝ նախատեսված Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի համար: Ըստ նույն տեղեկությունների՝ նպատակ կա նորակառույց դամբարան տեղափոխել նաեւ տաճարի բակում գտնվող հայրապետների շիրիմները:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը, պատասխանելով մեր հարցմանը, հաստատեց, որ դամբարան կառուցվում է, բայց նաեւ նշեց, որ շիրիմների տեղափոխման խնդիր դրված չէ: Ի դեպ, Տեր Վահրամը, նկատեց, որ մեկնարկող շինարարության մասին հայտարարվել է դեռ վաղուց, ինչը փաստորեն, դուրս է մնացել հանրության ուշադրությունից:
«Արդեն մի քանի տարի է՝ Մայր Աթոռ Սուրբ էջմիածինն այդ մասին ծանուցել է ե՛ւ պաշտոնական հաղորդագրություններով, ե՛ւ տարբեր արարողությունների առիթով: Մայր տաճարի հարեւանությամբ կառուցվում է առանձին մատուռ՝ մոմավառության սրահ, որպեսզի մայր տաճարից մենք կարողանանք դուրս բերել մոմավառությունը՝ ի սեր Մայր տաճարի որմնանկարների պահպանման եւ հարատեւության»,- ասաց Տեր Վահրամը: