Այդ ցույցը դատարկապորտների հավաք պետք է լինի, գոռան-գոչեն՝ գնան

  • 10/02/2024

hraparak.am

Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավ սկսած Վարդանանց շարժումը, որը պարբերաբար բողոքի ակցիաներ է իրականացնում ընդդեմ եկեղեցու եւ եկեղեցականների, պատրաստվում է հերթական հանրահավաքին։ Այն նախատեսվում է իրականացնել փետրվարի 24-ին՝ Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակում։ Շարժումը հանրահավաքի թույլտվություն ստանալու համար դիմել էր Վաղարշապատի համայնքապետարան, եւ համայնքապետին փոխարինող Արսեն Պետրոսյանը թույլատրել է Վարդանանց շարժման համակարգող, Հայ առաքելական եկեղեցու ձեռնադրված դպիր Անդրանիկ Դովլաթյանին՝ իրազեկում-հանրահավաք անցկացնել փետրվարի 24-ին, ժամը 15.00-19.00-ն։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից հետաքրքրվեցինք՝ սպասելի՞ էր իր համար, որ Էջմիածնի համայնքապետարանը կարտոնի եկեղեցու դեմ հանրահավաքը հենց Էջմիածնի կենտրոնում։ «Էջմիածնի համայնքապետարանն ինքն իրեն է խայտառակում, հետո՝ այդ ցույցն ինքն իրենից ոչ մի բան չի ներկայացնելու, դատարկապորտների ինչ-որ մի հավաք պետք է լինի, գալու են՝ գոռան-գոչեն, գնան, դրանից ավելիին ո՛չ ի վիճակի են, ո՛չ ընդունակ, բայց Էջմիածնի համայնքապետարանը այդ որոշումով ինքն իրեն է խայտառակել, դրանով իբրեւ թե ներկայանալով դեմոկրատ, ժողովրդավար, չհասկանալով, որ Էջմիածին քաղաքի բրենդը հենց Մայր տաճարն է, կաթողիկոսարանն է, Մայր Աթոռն է, այլապես Էջմիածինն ամենաանարժեք քաղաքը կարող էր լինել, եթե մայրավանքը, Մայր Աթոռը, կաթողիկոսարանը, վանքերն այնտեղ չլինեին։ Եվ, ուրեմն, Էջմիածնի համայնքապետարանն ինքն իր առջեւ պետք է դներ այդ հարցը՝ դառնալու բաստիոնը՝ պահապանը հայ եկեղեցու եւ կաթողիկոսարանի դեմ տարվող բոլոր տեսակի հարձակումների, բայց իբրեւ թե դեմոկրատ ներկայանալով՝ թույլ է տալիս, որ իր միակ բրենդին, արժեքին հարվածեն, երբ նույնիսկ քաղաքի անունը հենց մայր տաճարի մասին է խոսում։ Համայնքապետարանը պարտավոր էր թույլ չտալ նման հանրահավաք իր քաղաքում, որովհետեւ դա իր ինքնության դեմ ուղղված քայլ է։ Բայց պարզվում է՝ այս իշխանությունները, որ Էջմիածնում էլ են տեղական իշխանությունները զավթել, այդ տարրական ընկալումն անգամ չունեն, սրանք բացարձակ անհող, անհայրենիք զանգված են, նաեւ՝ անեկեղեցի, անկրոն ու անհավատ»։

Ամբողջական տեքստ