Ամենայն հայոց կաթողիկոսը պատմել է, թե ինչու չի կայացել նախկին նախագահների հանդիպումը և ինչպիսի դիրքորոշում ունի Հայ առաքելական եկեղեցին ԼՂ հակամարտության հարցի շուրջ։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը վստահեցնում է` ՀՀ ներկայիս իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ։ Այս մասին Ամենայն հայոց կաթողիկոսն ասել է «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում։
«Մեր հանդիպումները ՀՀ կառավարության ղեկավարի և իշխանությունների ներկայացուցիչների հետ հետպատերազմյան տարիներին եղել են արարողակարգային, պետական միջոցառումների շրջանակում։ Այո՛, իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ։ Մայր Աթոռը զանազան առիթներով անդրադարձ ունեցել է այդ խնդիրներին։ Տեղին չենք համարում հիշյալ հարաբերությունները հաշտ կամ հակառակ որակելը։ Եկեղեցին գիտակից է իր կոչմանն ու առաքելությանը՝ իր հավատավոր զավակների նկատմամբ»,– նշել է կաթողիկոսը։